ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԻՐԱՎԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՇԱՀԵՐ, ԵՎ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ»

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԻՐԱՎԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՇԱՀԵՐ, ԵՎ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ»
14.05.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը ճի՞շտ էր, թե՞ գործընթացից դուրս գալն էր ճիշտ, միևնույն է, Թուրքիան նախապայմաններից չի հրաժարվում:
-Թուրքիային պետք էր գործընթաց, որ ցույց տա, թե իբր հարաբերությունները կարգավորելու մտադրություն ունի, մենք այս քայլով հնարավորություն ընձեռեցինք, որ պնդի, թե գործընթացը շարունակվում է: Ճիշտ է` կասեցվել է, բայց խորհրդարաններից արձանագրությունները հետ չեն վերցվել: Սա հնարավորություն է տալիս միջազգային գործընկերներին իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ հանգիստ շարունակելու: Օրինակ` ԱՄՆ-ի նախագահը խնդիր չունենա «ցեղասպանություն» բառն օգտագործելու, Ռուսաստանն իր տնտեսական ծրագրերն առաջ տանի, Եվրամիությունն ավելի հանգիստ հարաբերվի Թուրքիայի հետ, այսինքն` այս տարբերակը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից:
-Գուցե Հայաստանն Ադրբեջանի հետ ստատուս քվո՞ն էր ձգտում պահպանել:
-Ես կարծում եմ, որ այժմ զարգացումներն առնչվելու են Ղարաբաղին, Թուրքիայի հետ ակտիվ բանակցային գործընթացի փուլն անցանք, բայց ջինը շշից արդեն դուրս ենք թողել, պետք է շարունակենք տարածաշրջանի զարգացումներին վերաբերող գործընթացները, որոնց մեջ Ղարաբաղը կարևորագույն տեղ ունի: Թուրքիան բազմիցս է բարձրաձայնել, որ Հայաստանի հետ բոլոր հարցերը, այդ թվում նաև` սահմանի բացումը, կապված են Ղարաբաղի խնդրի հետ:
-Ղարաբաղի հարցով այս տարի որևէ համաձայնագրի կնքում հնարավո՞ր է` միջանկյալ կամ շրջանակային:
-Ոչ միայն այս տարի, տեսանելի ժամանակում ես այդ հնարավորությունը չեմ տեսնում: Հայաստանում չկա որևէ իշխանություն, որը կկարողանա Ղարաբաղի հարցում զիջումներ անել և մարսել: Որքան էլ միջազգային հանրությունը պաշտպանի նման քաղաքական ուժին կամ գործչին, հասարակական այնպիսի դիմադրություն կլինի, այնպիսի ընդվզում, որ միանշանակ կհանգեցնի իշխանափոխության:
-Հայ-թուրքական հարաբերությունները չեն կայանա, որովհետև հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն, հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվի, որովհետև լուծման տարբերակը Հայաստանը, Ձեր ասած պատճառներով, չի կարող ընդունել: Փակ շրջանակ է, իսկ ե՞լքը:
-Ես չեմ կարծում, թե փակ շրջանակ է, մինչև այդ էլ շրջանակը բաց չէր, ընդհակառակը` մենք նոր պետք է փորձենք շրջանակները բացել:
-Ինչպե՞ս:
-Հայկական դիվանագիտությունը բավականին ակտիվ պետք է աշխատի` կյանքի կոչելու ՄԱԿ-ի այն համաձայնագիրը, համաձայն որի, եթե պետությունը չունի ելք դեպի ծով, իր առջև որևէ սահման չպետք է փակվի: Արդյունքում Թուրքիան ստիպված կլինի Հայաստանի հետ սահմանը բացել և միջնորդավորված ելք տալ դեպի ծով: Մեր դիվանագիտական կորպուսը և իշխանությունները պետք է սկսեն կյանքի կոչել Ղարաբաղի իշխանությունների և հասարակական դաշտի այն պահանջ-խնդրանքը, որ սփյուռքի կառույցները ակտիվ գործունեություն ծավալեն Ղարաբաղի անկախության ճանաչումն իրականություն դարձնելու համար: Բայց եթե Հայաստանը չի ճանաչում, այլ պետություններ դժվար թե ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, ինչը և բանակցությունների ժամանակ ասում են:
-Ի՞նչ սահմաններով պիտի Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը:
-Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության մեջ ամրագրված սահմաններով: Եթե նկատի ունեք ազատագրված տարածքները, ապա դրանք ներառված են Սահմանադրության մեջ:
-Այնուհանդերձ` ո՞րն է ելքը:
-Աշխատել այդ ուղղությամբ և չմոռանալ ամենագլխավորը` ժամանակն է, որ Հայաստանում սկսեն իրականացվել ներքին բարեփոխումներ, որովհետև առանց ուժեղ Հայաստանի չենք կարող արտաքին դաշտում պայքարող երկիր լինել:
-Քաղաքակա՞ն, տնտեսակա՞ն, սոցիալակա՞ն, բարոյահոգեբանակա՞ն, ո՞ր դաշտում են այդ ներքին բարեփոխումներն անհրաժեշտ:
-Թվարկված ու չթվարկված բոլոր դաշտերում էլ բարեփոխումներն անհրաժեշտ են, մեկը մյուսի շարունակությունն են: Խնդիրները բոլոր բնագավառներում են, որ բնագավառի խուփը բարձրացնես, Պանդորայի արկղն ես բացում: ՄԱԿ-ի գրասենյակի տվյալներով` արտագաղթողների թիվը դա է վկայում. մեր խնդիրները համակարգային են և համակարգային լուծումներ են պահանջում: Պատահական չէ, որ հեռացողների մեծամասնությունը ոչ թե ֆինանսատնտեսական, սոցիալական խնդիրներ ուներ, այլ անարդարությունից էր հեռացել: Մարդիկ կան, որոնք սոցիալապես ապահովված լինելով, ստիպված են հեռանալ, բախվելով կամայականության, խաբեության ու անարդարության:
-Երկու տարի շարունակ արտաքին քաղաքական խնդիրներն էին մեր քաղաքականության կենտրոնում...
-Մեր չէ, իշխանության: Իշխանությունն իր ներքին լեգիտիմության խնդիրն էր փորձում լուծել արտաքին դաշտում, պետք էր այնպիսի քաղաքական գործընթաց, որը հնարավորություն տար արտաքին լեգիտիմություն ապահովելու: Դա կարող էր լինել կամ Ղարաբաղի հարցը, կամ հայ-թուրքական: Իշխանությունը փորձեց գնալ Հայաստանի ներսում թվացյալ նվազ դիմադրություն ունեցող հայ-թուրքական խնդրի լուծմանը: Թեպետ դիմադրությունը նվազ չէր, բայց ընդդիմության բոլոր ճակատներն այդ խնդրի շուրջ չմիավորվեցին, իսկ Ղարաբաղի հարցի շուրջ այդպես չէր լինի:
-Կարծում եք` Ղարաբաղն ընդդիմությանը կմիավորի՞:
-Եթե նույնիսկ չմիավորի, ցանկացած քաղաքացի իր բողոքը կարտահայտի, և հասարակական բողոքի ալիք կբարձրանա:
-Այնուամենայնիվ, անցած երկու տարիներին տարբեր գնահատականներ են տրվում, այդ թվում, որ Հայաստանը դարձավ միջազգային կարևոր ատյանների, գերտերությունների քննարկման հարց, դուրս եկավ մեկուսացումից, ինչը դրական կերպար է ստեղծում և՛ երկրի, և՛ երկրի ղեկավարների համար: Բայց կարևորը գործընթա՞ցն է, թե՞ արդյունքը: Ի՞նչ ունեցան երկիրը, պետությունը, ժողովուրդը հանրագումարում:
-Ցանկացած գործընթաց գնահատվում է ըստ արդյունքի: Ես չեմ կարծում, որ մենք դրական արդյունք ունենք այս պահին, եթե մեր երկրի անունը թերթերում շատ են գրում, լուրերում շատ են հոլովում, դա արդյունք չի նշանակում:
-1912-1914 թթ. Օսմանյան կայսրությունում հայկական վիլայեթների բարենորոգումների առիթով այնքան էր հոլովվում հայկական թեման ու Հայաստանի անունը, հետո՞...
-1860-ական թթ., երբ հայկական հարցը բարձրացվեց, նորից նույն վիճակը չէ՞ր: Պատմության մեջ շատ են դեպքերը, որ Հայաստանի մասին խոսել են, գրել են աշխարհի հզորները, բայց խնդիրը մեծ աղմուկ ստեղծելը չէ, լուծում ունենալն է օրախնդիր այն հարցերի, որոնք հետագայում մեծ առավելություններ կտան: Մնացածն արդեն քաղաքականություն չէ, այլ շոու:
-Բացի Թուրքիայի խորհրդարանի վավերացումից, ո՞ր դեպքում է հնարավոր, որ ԱԺ-ն հայ-թուրքական արձանագրությունները վավերացնի:
-Որևէ դեպք, կարծում եմ, չկա: Թուրքիայում էլ հավանական չէ, որ խորհրդարանը վավերացնի։ Ընտրական փուլ է սկսվել, և այս պահին նման քայլերն անհավանական են: Արձանագրությունների մահվան մասին կարելի է արդեն խոսել:
-Այո՞, իսկ Մարկ Տվենի նման հետո չե՞նք ասի, թե մահվան մասին լուրերը չափազանցված էին:
-Արդեն պարզ են և՛ գործընթացի նպատակը, և՛ հետևանքը, և՛ արդյունքը: Չե՞ք ընդունում, որ ձախողումն ակնհայտ է:
-Ներքաղաքական իրավիճակի նորմալացման համար անհրաժե՞շտ եք համարում ներիշխանական հակասությունների հարթումը:
-Ցանկացած հակասություն կարող է հարթվել միայն այն ժամանակ, երբ վերանան պատճառները: Մենք այդ փուլում չենք, կա ներիշխանական խնդիր, որն ըստ էության կապ չունի հայաստանյան հասարակական խնդիրների հետ, կերակրատաշտի վերաբաժանման խնդիրը, իսկ հասարակական պահանջն այլ խնդիրներ է առաջ քաշում: Հասարակությունը, նախ, այդ կերակրատաշտի իսպառ վերացում է պահանջում:
-Դուք դա հնարավո՞ր եք համարում:
-Իհարկե, զարգացած շատ երկրներում այդ կերակրատաշտը գոյություն չունի, դա հասարակական եկամուտների ստվերային բաշխում է: Ամբողջ աշխարհում եկամուտների բաշխումը կա, մեզ մոտ քաղաքակիրթ մոդելի ներդրման և հասարակության մեջ եկամուտների արդար բաշխման ապահովման խնդիր կա, վերջապես պետք է կյանքի կոչել Սահմանադրության 2-րդ կետը` Հայաստանը սոցիալական պետություն է:
-Ներիշխանական հակասությունները բոլոր երկրներին են բնորոշ. Դուք կարծում եք` Գյուլն ու Էրդողանը կամ Պուտինն ու Մեդվեդևը համերաշխ ու համամիտ են բոլո՞ր հարցերում: Բնական գործընթաց է, և պետք չէ թաքցնել կամ վախենալ, պետք է հաղթահարել:
-Ես կարծում եմ` համեմատվել պետք է ժողովրդավարական, ռեալ սոցիալական պետությունների հետ: Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները, երբ քաղաքական հակառակորդներին բոլոր միջոցներով փորձում են չեզոքացնել, ընդունելի չեն: Ռուսաստանում մեծ հաշվով հակասություն չեմ տեսնում` Պուտինն ազդեցիկ վարչապետ է, դա բխում է ոչ միայն անձից, այլև քաղաքական համակարգի տրամաբանությունից:
-Ե՞րբ է լինելու «Ժառանգության» համագումարը:
-Տեխնիկական պատճառներով մի քիչ հետաձգվեց, բայց բովանդակային խնդիրների լուծում բերող լավ համագումար ենք անելու:
-Ո՞րն է լավը` կուսակցության կյանքում համագումարները կանոնադրական անհրաժեշտություն են` անցածն ամփոփել, անելիքը նախանշել, հաշվետվություն-ընտրություն...
-Մենք փորձելու ենք իրականացնել մի գործընթաց, ինչը 2008-ին քաղաքական լարվածության պատճառով չկարողացանք...
-Ի՞նչ գործընթաց:
-Համագումարը հայտնի կդարձնի:
-«Ժառանգությունը» անդամներ և՛ կորցրեց, և՛ ձեռք բերեց, դրակա՞ն է հաշվեկշիռը:
-Կորցրեց, իհարկե, մեզ համար դժվար ու ցավոտ էր, բայց կյանք է, իրականությունը նաև դա է պարտադրում, բոլոր կուսակցություններն էլ նման իրավիճակներով անցել են, երեք տասնյակ կուսակցականներ ընդամենը կորցրինք, հետագայում շատ ավելի մեծ թվով համալրում ունեցանք, և, որպես վարչության նախագահ, շատ ուրախ եմ, որ անդամագրվածների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները:
-Հայաստանում հավանակա՞ն են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
-Չեմ բացառում, որովհետև հիմքերը կան: Գործընթացը կարող է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված լինել, եթե իշխանություններն ինչ-ինչ քայլերի գնան, բայց կարծում եմ, որ գոնե այս հարցում իշխանությունները զգուշավոր կլինեն, չասեմ` խելամիտ, որովհետև խելամիտ են բոլոր խնդիրներում, այլ հարց է, թե ինչ չափանիշով ու արժեքային համակարգով: Կարծում եմ` ինքնապահպանման բնազդը կգործի:
-Ինքնապահպանման բնազդը պիտի թելադրի պահպանել ստատուս քվոն Ղարաբաղի հարցում, մի՞թե դա ձեռնտու է Հայաստանին:
-Ես էլ չեմ կարծում, որ ստատուս քվոյի պահպանումը Հայաստանի համար ձեռքբերում է: Ամբողջ խնդիրը ներքին բարեփոխումներն է, որոնց արդյունքում պիտի կարողանանք լուծել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներքին անվտանգության խնդիրը` ոչ միայն բանակի մարտունակությունը, բանակը, վստահ եմ, ցանկացած առաջադրանք կկարողանա կատարել` և՛ պաշտպանության, և՛ հակահարձակման առումով, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման, ժողովրդագրական կարևոր խնդիրներ կան, որոնք առաջնահերթ պետք է լուծվեն, իսկ ստատուս քվոյի պահպանումը չի կարող գերնպատակ լինել, գերնպատակը պետք է լինի Արցախի անկախության ճանաչումը:
-Շատ լրատվամիջոցներ պնդում էին, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն միջազգային ճնշմամբ, Թուրքիան դիմակայեց ճնշմանը: Ակնհայտ է, որ ճնշումը միակողմանի չի լինում, Հայաստանը կարո՞ղ է դիմակայել:
-Հայաստանի վրա ճնշում գործադրելու կարիք չկա, Հայաստանի իշխանությունները երկու ձեռքով ամեն ինչին կողմ են:
-Եթե կողմ են, Ղարաբաղի հարցում պիտի ընդունվեն մադրիդյան սկզբունքները և համաձայնագիր ստորագրեն:
-Չեն ստորագրում, որովհետև հասկանում են, որ անմիջապես կկորցնեն իշխանությունը: Միջազգային հանրությունը երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած` Հայաստանին չի պարտադրում Ղարաբաղի հարցում համաձայնագիր ստորագրել` արցախապատկան հողերը կմնա՞ն արցախապատկան, թե՞ կտրվեն Ադրբեջանին, քաղաքական խոշոր խաղացողներին առանձնապես չի հետաքրքրում, իրենց պետք է պահպանել իրենց ազդեցությունը և նավթամուղն ու գազամուղը անխափան շահագործել` այդքանը, բայց միևնույն չէ մեզ համար: Մենք ունենք իրավական, քաղաքական, ռազմական շահեր և մեր նպատակը պիտի լինի Արցախի անկախության ճանաչումը:
-Դուք արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեք տեսնում, բայց, կարծես, ընտրարշավը սկսվել է, քաղաքական ուժերն իրենց մարդկային, վարչական, այլևայլ ռեսուրսների վերագույքագրում են սկսել, շուտ չէ՞:
-Ցուցակներ, վարչական, ֆինանսական ռեսուրսներ... Այո, և մեկ տարի ավելի շուտ, քան եղել է մինչև հիմա: Ակտիվ արտաքին և բարդ ներքաղաքական իրավիճակից է դա բխում, երբ չեն բացառվում արտահերթ զարգացումները: Կուսակցությունները պատրաստվում են 2012-ի ընտրություններին, դիրքային մարտերը սկսվել են ակնհայտորեն:
-2012-ին «Ժառանգությունը», Ձեր գնահատականով, կլինի՞ խորհրդարանում:
-Ես հույս ունեմ, որ «Ժառանգությունը» ոչ միայն լինելու է խորհրդարանում, այլև մեծ ներկայացվածություն է ունենալու: Վաղ է դեռ քննարկել, թե ինչպես կանցնեն ընտրությունները, եթե մեզ մոտ հնարավոր էր կուսակցության ձայների 2/3-ը յուրացնել, հնարավոր է նաև, որ նորից կիրառվի տոտալիտար մեխանիզմը, «նկարչությունը» նորից դառնա իշխանական մենաշնորհ` անկախ այն բանից, թե կուսակցությունն ինչքան ձայն է ստացել, փորձեր արվեն ամբողջությամբ չեզոքացնելու: Այնուամենայնիվ, խորհրդարանական ընտրություններն ավելի հեշտ է վերահսկել, որովհետև իշխանությունն էլ մեկ թեկնածուով հանդես չի գալիս: Հուսով եմ, որ հասարակության ակնկալիքները կարդարանան, և նորմալ, արդար ընտրություններ կունենանք:
-Հավանակա՞ն է, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի կամ ինչ-որ նոր ուժի ղեկավարի դերում քաղաքականություն վերադառնա Ռոբերտ Քոչարյանը` դուրս գալով ստվերային գորշ կարդինալի դերից և ներկայությունն օրինականացնելով ընտրությամբ:
-Չեմ բացառում, բայց դա ամենաանցանկալի գործընթացը կլինի: Որևէ կուսակցություն այդ դեպքում շատ մեծ թվով ձայներ կկորցնի, և հարց է` կկարողանա՞ վարչական ռեսուրսներ օգտագործել:
-«Նկարչության» պարագայում ի՞նչ հարցեր կան:
-Նկարչության խնդիր չի ծագի, որովհետև դա կլինի բացառապես ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի:
-Ինչո՞ւ: Կոալիցիոն դաշնակից գործընկերները միմյանց դե՞մ, Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի դե՞մ:
-Ես չեմ կարծում, որ հիմա ևս նրանք դաշնակից են` կերակրատաշտի պարագան է մեջտեղում: Դա բացառապես Սերժ Սարգսյանի դեմ է լինելու, ինչը շատ լավ հասկանում են և՛ երրորդ նախագահը, և՛ ՀՀԿ-ն: Ես ավելի կարևոր հարց եմ համարում, թե իրենց ինչպես կդրսևորեն ընդդիմադիր ուժերը, արդյո՞ք 2007-ի պատմությունը կկրկնվի, և այդքան ձայներ ունենալով` ընդդիմությունը դրանք կփոշիացնի:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ